Շարադասությունը շատ կարևոր դեր է կատարում շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում, ուստի անհնար է շարահարական բարդ նախադասությունների մասին խոսելիս չանդրադառնալ շարադասության խնդրին։
«Շարադասությունը յուրաքանչյուր լեզվի ներքին օրինաչափություններից բխող բառական միավորների դասավորության ընդունված կարգն է նախադասություններում և բառակապակցություններում, այն որպես շարահյուսական արտահայտման միջոց, իր դերով նպաստում է նախադասության մտքի և բառակապակցության իմաստի ձևավորմանը» [12, էջ 13]։ Հետևաբար, շարադասությունը քերականական արտահայտման և նախադասության ձևավորման կարևորագույն միջոցներից մեկն է։ Շարադասության հարցերով զբաղվել են Վ․ Առաքելյանը (1958), Մ․ Աբեղյանը (1965), Խ․ Բադիկյանը (1966), Գ․ Սևակը (1978), Ս․ Աբրահամյանը (1988) և ուրիշներ։ Առաջին անգամ Մ․ Աբեղյանն է կարևորել շարադասության դերն ու նշանակությունը։ Նա գտնում է, որ «շարադասությունը բառերի հարաբերության արտահայտման քերականական միջոց է, ավելի լայն առումով ստորոգման հետ միասին միտք արտահայտելու, նախադասություն կազմելու կարևորագույն միջոց» [1, էջ 532]։ Ըստ Մ․ Աբեղյանի՝ շարադասությունը բառերի կանոնավոր դասավորությունն է, որի օգնությամբ նախադասություններ են կազմվում։ «Բառերը - գրում է Մ․ Աբեղյանը, - միասին մի խոսք կազմելու համար պիտի որոշ շարքով դասավորված լինեն» [1, էջ 532]։ Հետագայում լեզվաբանները գտնում են, շարադասությունը նախադասության անդամների սահմանված կարգն է։ Ըստ Գ․ Սևակի՝ «շարադասությունը նախադասության անդամների դասավորության ընդունված կարգն է» [16, էջ 71]։ Ս. Աբրահամյանը նույնպես սահմանում է, որ «շարադասությունը նախադասություն կազմող բառերի դասավորությունն է» [2, էջ 35]։ Նույն կարծիքն է արտահայտում նաև դոկտոր Վ․ Առաքելյանը։ «Շարադասությունը, - գրում է Վ․ Առաքելյանը, - շարահյուսության մի բաժինն է, որն ուսումնասիրում է նախադասության անդամների մեջ իրար նկատմամբ ունեցած դիրքավորումը, այսինքն՝ շարադասման կարգը, տեղը» [5, էջ 457]։ Գ․ Գարեգինյանը բարդ նախադասությունների դասակարգում կատարելիս հիմք է ընդունում շարադասությունը և բոլոր բարդ նախադասությունները բաժանում է երկու խմբի՝
«ա) Կառույցներ, որոնցում բաղադրիչների շարադասությունը ազատ է, այսինքն՝ բաղադրիչների տեղափոխությունը իմաստային և շարահյուսական հարաբերությունների փոփոխություն չի առաջացնում [6, էջ 30]։
բ) Կառույցներ, որոնցում բաղադրիչների շարադասությունը կայուն է» [6, էջ 31]։
Ս․ Աբրահամյանը գտնում է, որ «համադաս նախադասությունների շարադասությունը հիմնականում պայմանավորված է նրանց փոխհարաբերության բնույթով» [2, էջ 220]։ Ըստ նրա՝ «համադաս նախադասությունների շարադասությունը համեմատաբար ազատ է այն դեպքում, երբ նրանց միջև չկա ժամանակային հաջորդականություն, պատճառային կախում» [2, էջ 221]։ Նա գտնում է, որ «համադաս նախադասությունների շարադասությունը կայուն է, երբ նախադասությունների դասավորությամբ ներկայացվում է համապատասխան երևույթների հաջորդականությունը» [2, էջ 220]։
Այսպիսով, շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում շարադասությունը ազատ է, երբ գոյություն չունի գործողությունների ժամանակային հաջորդականության և պատճառահետևանքային հարաբերություններ, իսկ կայուն է, եթե կան գործողությունների ժամանակային հաջորդականության և պատճառահետևանքային հարաբերություններ։ Նույնը մենք կարող ենք ասել շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների մասին, քանի որ մենք գիտենք, որ շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունները, որոնք համապատասխանում են զոդվածով կապակցված բարդ համադասական նախադասություններին, նույնպես արտահայտում են համաժամանակության, գործողությունների հաջորդականության, տրոհության, հակադրության, մեկնակա, հարակցական, հավելական հարաբերություններ։
Մեկ նկատառում։ Ինչպես մենք տեսնում ենք, վերոհիշյալ սահմանումները ցույց են տալիս, որ շարադասությունը նախադասության անդամների դասավորության ընդունված կարգն է, սակայն հիշյալ սահմանումներից դուրս են մնացել բարդ նախադասության բաղադրիչների շարադասությունը, ուստի մենք գտնում ենք, որ շարադասությունը պետք է սահմանել ոչ միայն նախադասության անդամների, այլև բարդ նախադասության բաղադրիչների դասավորության ընդունված կարգ։ Հետևաբար, մենք շարադասությունը կսահմանենք հետևյալ կերպ. Շարադասություն կոչվում է նախադասություն կազմող բառերի և բարդ նախադասության բաղադրիչների դասավորության ընդունված կարգը։
Այժմ մենք կներկայացնենք շարադասության քերականական տարբեր դրսևորումները շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում։
Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում շարադասությունը շատ կարևոր դեր է խաղում։ Շարադասության ազատ և կայուն լինելը սովորաբար կապված է հնչերանգի և տրամաբանական շեշտի հետ։ Ըստ Խ․ Բադիկյանի՝« տրամաբանական շեշտը նախադասության հնչերանգի ամենաբարձր տոնն է և ունկընդրի ուշադրությունը բևեռում է խոսքի առանցքի՝ միջուկի, մտքի կենտրոնի վրա» [12, էջ 25]։ Նա նաև գտնում է, որ «հնչերանգն ու տրամաբանական շեշտր հանդես են գալիս միանաբար»։
Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում, որոնք համապատասխանում են զոդվածով կապակցված բարդ համադասական նախադասություններին, շարադասությունը հիմնականում ազատ է, բացառությամբ այն դեպքերից, երբ կա գործողությունների ժամանակային հաջորդականություն և պատճառահետևանքային կապ, և նախադասությունների բաղադրիչների տեղափոխությունը չի առաջացնում իմաստային հարաբերությունների փոփոխություն։ Այսպես, շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում շարադասությունը ազատ է համաժամանակյա, հակադրական, տրոհական հարաբերություններ արտահայտող բարդ նախադասություններում։ Բերենք բնագրային մի օրինակ, որն արտահայտում է համաժամանակյա հարաբերություն․
«Քարե պատերը շիկանում են կիզիչ ճառագայթներից, ավազը խանձվում է, օդը դառնում է հեղձուցիչ» (18, էջ 10):
Վերոհիշյալ բնագրային օրինակը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություն է, որը համապատասխանում է զոդվածով կապակցված բարդ նախադասությանը։ Այն բաղկացած է երեք բաղադրիչ նախադասություններից, որոնք արտահայտում են համաժամանակյա հարաբերություններ։ Այս նախադասության կառուցվածքը բնութագրվում է բաղադրիչ նախադասությունների ազատ շարադասությամբ, այսինքն՝ բաղադրիչ նախադասությունները կարող են փոփոխել իրենց տեղերը՝ լինելով առաջադաս, միջադաս կամ վերջադաս։ Այսպես՝
Ավազը խանձվում է, օդը դառնում է հեղձուցիչ, քարե պատերը շիկանում են կիզիչ ճառագայթներից։ Օդը դառնում է հեղձուցիչ, ավազը խանձվում է, քարե պատերը շիկանում են կիզիչ ճառագայթներից։
Այսպիսով, ինչպես երևում է բերված օրինակից, բաղադրիչ նախադասությունների տեղափոխությունից, նախադասությունների իմաստը չի փոփոխվում և պահպանվում է միևնույն միտքը։
Այժմ բերենք բնագրային մի օրինակ, որն արտահայտում է հակադրական հարաբերություն․
Չարը գնաց, բարին եկավ (17, էջ 281)։
Ինչպես նկատում ենք, վերոհիշյալ օրինակն արտահայտում է հակադրական հարաբերություն։ Այն շարահարությամբ կապակցված բարդ նախադասություն է, բաղկացած է երկու բաղադրիչ նախադասություններից, որոնց տեղափոխությունից իմաստը չի փոփոխվում և արտահայտվում է միևնույն միտքը։ Այսպես՝
Բարին եկավ, չարը գնաց։
Նույնը նկատվում է նաև տրոհական հարաբերություն արտահայտող շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում։ Բերենք մի բնագրային օրինակ.
Ո՞վ ում էր հետևել՝մարդը արջի՞ն, արջը մարդո՞ւն (10, էջ 125)։
Եթե մենք տեղափոխենք բաղադրիչների շարադասությունը, նախադասության իմաստը չի փոփոխվի և կարտահայտի նույն իմաստը։ Այսպես՝
Ո՞վ ում էր հետևել՝ արջը մարդո՞ւն, մարդը արջի՞ն։
Սակայն մեկնական հարաբերություններ արտահայտող բարդ նախադասություններն ունեն կայուն շարադասություն, քանի որ մեկնական հարաբերություն արտահայտող բաղադրիչը միշտ ունի վերջադաս կիրառություն։ Բերենք բնագրային մի օրինակ.
Վահանի համար մի փրկություն կա միայն. ձայն տալ, արթնացնել մորը (15, էջ 5)։
Ինչպես տեսնում ենք, վերոհիշյալ նախադասությունը արտահայտում է մեկնական հարաբերություն և ունի վերջադաս կիրառություն։
Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում շարադասությունը նաև կայուն է, եթե կա գործողությունների հաջորդականության կարգ։ Բաղադրիչների տեղափոխությունից կարող է խախտվել գործողությունների հաջորդականությունը և նրանց միջև գոյություն ունեցող տրամաբանական կապը։
Քննենք բարդ նախադասության բաղադրիչների շարադասությունը հետևյալ նախադասության մեջ։
Կինը շուռ եկավ, վերցրեց վերմակը, գցեց ծնկներին (14, էջ 48)։
Այս բարդ նախադասության մեջ բաղադրիչ նախադասությունները դասավորված են որոշակի կարգով։ Վերոհիշյալ բնագրային օրինակը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություն է, որը համապատասխանում է զոդվածով կապակցված բարդ նախադասությանը։ Այն բաղկացած է երեք բաղադրիչ նախադասություններից, որոնք արտահայտում են հաջորդականության հարաբերություններ։ Այս նախադասության կառուցվածքը բնութագրվում է բաղադրիչ նախադասությունների կայուն շարադասությամբ։ Վերոհիշյալ բնագրային օրինակում բաղադրիչների տեղափոխությունը հնարավոր չէ։ Եթե մենք տեղափոխենք բաղադրիչների շարադասությունը, ապա կխախտվի գործողությունների հաջորդական կարգը և մտքի տրամաբանական կապը։
Այժմ փոփոխենք բաղադրիչ նախադասությունների շարադասությունը։
Կինը գցեց ծնկներին, վերցրեց վերմակը, շուռ եկավ։
Ինչպես մենք նկատում ենք, բաղադրիչ նախադասությունների սխալ շարադասության դեպքում աղավաղվել է ամբողջ բարդ նախադասության միտքը։
Բաղադրիչ նախադասությունների շարադասությունն ազդում է նաև բաղադրիչ նախադասությունների միջև գոյություն ունեցող իմաստային հարաբերությունների արտահայտության վրա։ Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում ժամանակային հաջորդականություն արտահայտելու համար բաղադրիչ նախադասությունների շարադասությունը պետք է համապատասխանի այդ հաջորդականությանը։ Բաղադրիչ նախադասությունների շարադասության փոփոխությունը կհանգեցնի նախադասության բովանակության և իրականության միջև գոյություն ունեցող անհամապատասխանությանը։ Բերենք մի բնագրային օրինակ․
Եղիազարյանը փակեց դռնակը, մոտորը հռնդաց, մեքենան պոկվեց տեղից (4, էջ 180)։
Վերոհիշյալ բնագրային օրինակում արտահայտված է գործողությունների հաջորդականություն։ Այն բաղկացած է երեք բաղադրիչ նախադասություններից, և երկրորդ գործողությունը պայմանավորված է առաջինով, իսկ երրորդ գործողությունը՝ երկրորդով։ Բաղադրիչ նախադասությունների տեղափոխությունը կհանգեցնի նախադասությունների անհեթեթությանը, այսինքն՝ իմաստազրկմանը։
Նախադասության բաղադրիչների շարադասությունը բարդ նախադասություններում կայուն է, երբ վերջադաս բաղադրիչում կա առաջադաս բաղադրիչի փոխարեն օգտագործվող դերանուն։ Բերենք բնագրային օրինակներ․
Զավակները նրա ամենաթույլ երակն էին, նրանց առաջ կարծես անզոր էր դառնում (7, էջ 46)։ Ձորակից մի շուն հաչաց, նրան ձայնակցեցին ուրիշները (7, էջ 361)։ Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում շարադասությունն ունի նաև իմաստատարբերակիչ դեր։ Շարադասության միջոցով շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունները, որոնք համապատասխանում են զոդվածով կապակցված բարդ համադասական նախադասություններին, կարող են փոխակերպվել շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների, որոնք համապատասխանում են զոդվածով կապակցված բարդ ստորադասական նախադասություններին։ Բերենք մի բնագրային օրինակ.
Գարունը բացվել էր, օրերը տաքացել էին (8, էջ 18)։
Ինչպես երևում է վերոհիշյալ օրինակից, այս նախադասությունը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություն է և արտահայտում է համաժամանակյա հարաբերություն, որը համապատասխանում է բարդ համադասական նախադասությանը։ Եթե մենք այն վերածենք զոդվածով կապակցված բարդ համադասական նախադասության, ապա կարելի է տեղադրել և, ու համադասական շաղկապները։
Գարունը բացվել էր, և օրերը տաքացել էին։
Իսկ եթե մենք տեղափոխենք բաղադրիչների շարադասությունը, ապա համաժամանակյա հարաբերություն արտահայտող նախադասությունը կվերածվի պատճառի հարաբերություն արտահայտող բարդ նախադասության։ Բաղադրիչ նախադասությունների միջև կարելի է ավելացնել քանի որ կամ որովհետև ստորադասական շաղկապները։
Օրերը տաքացել էին, քանի որ (որովհետև) գարունը բացվել էր։
Շարադասության մեջ մեծ դեր ունի նաև տրամաբանական շեշտը, որն ընդգծում է այն բառը, որն ուզում է շեշտել հեղինակը: Տրամաբանական շեշտը առավելապես ցայտուն կերպով դրսևորվում է հակադրական հարաբերություններ արտահայտող շարահարական բարդ նախադասություններում։ Բերենք բնագրային մի օրինակ․
Այնտեղ ես մահին հաղթեցի, այստեղ՝ սիրուց պարտվեցի (11, էջ 31)։
Ինչպես երևում է բերված բնագրային օրինակից, տրամաբանական շեշտ է ստացել այնտեղ - այստեղ, հակադրական բառազույգը։
Կայուն շարադասություն ունեն նաև շարահարությամբ կապակցված հարակցական և հավելական հարաբերություններ արտահայտող բարդ նախադասություննեը։ Բերենք բնագրային օրինակներ․
Տղան ետ նայեց՝ այդտեղ ուրիշմարդ չկար (9, էջ 129)։ Մեկ էլ ետ նայեց՝ տղերքը ռեխները բացել էին (9, էջ 53)։
Ինչպես երևում է վերոհիշյալ օրինակներից, ընդգծված բաղադրիչ նախադասություններն արտահայտում են հարակցական հարաբերություն և ունեն վերջադաս կիրառություն։
Վաղը պիտի որսի երթանք, դու էլ կգաս ինձ հետ (3, էջ 429)։
Վերոհիշյալ օրինակում, ընդգծված բաղադրիչ նախադասությունը արտահայտում է հավելական հարաբերություն և ունի վերջադաս կիրառություն։
Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում մեծ կարևորություն ունի հատկապես շարադասությունը, որը կիրառվում է գլխավոր և երկրորդական նախադասությունների բաղադրիչների միջև։ Այդպիսի նախադասություններում շարադասությունը փոփոխել հնարավոր չէ, քանի որ այն առաջացնում է իմաստային փոփոխություններ։ Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում, որոնք համապատասխանում են զոդվածով կապակցված բարդ ստորոդասական նախադասություններին, երկրորդական նախադասությունը չի կարող լինել միջադաս։ Այն լինում է կաˊմ առաջադաս, կաˊմ վերջադաս։ Ն․ Պառնասյանը կարծում է, որ «դա պայմանավորված է շաղկապի կամ հարաբերական բառի բացակայությամբ» [13, 61]։
Մենք կարծում ենք, որ շարադասությունը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում մեծ դեր է խաղում և նպաստում է իմաստային հարաբերությունների հստակեցմանը։ Շարադասության շնորհիվ ձևավորվում է նաև նախադասության միտքը, և այն նախադասությունը ձևավորող կարևորագույն միջոցներից մեկն է։ Հայերենում շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների շարադասությունը տարբերվում է զոդվածով կապակցված բարդ նախադասությունների շարադասությունից։ Զոդվածով կապակցված բարդ նախադասություններում շարադասությունը մեծ մասամբ ազատ է, սակայն շարահարությամբ կապակցվելու դեպքում զգալի տարբերություններ են առաջանում։
Շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունները, որոնք արտահայտում են համաժամանակություն, բաղադրիչ նախադասությունների շարադասությունը ազատ է, ինչպես զոդվածով կապակցվելու դեպքում։ Սակայն գործողությունների հաջորդականության հարաբերություններ արտահայտելու դեպքում շարադասությունը կայուն է, քանի որ կարող է խախտվել ժամանակային հաջորդականությունը, և նախադասությունների միտքը կաղավաղվի։ Զոդվածով կապակցված բարդ ստորադասական նախադասություններում նախադասության բաղադրիչների շարադասությունը ազատ է, քանի որ դրանք կարող են ընկնել նախադասության սկզբում, մեջտեղում և վերջում։ Դա հատկապես կապված է շաղկապների գործածության հետ։ Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում, ընդհակառակը, շարադասությունը կայուն է։ Այն կարող է լինել առաջադաս և վերջադաս, բայց միջադաս լինել չի կարող։ Ամեն մի հարաբերություն արտահայտող շարահարական բարդ նախադասություն ունի իր որոշակի տեղը։ Այսպես, առաջադաս կիրառություն ունեն ենթակայական և խնդրային հարաբերությամբ բարդ նախադասությունները, որոնք արտահայտում են անուղղակի հարցում, ժամանակի, պայմանի, զիջական հարաբերություններ արտահայտող բարդ նախադասությունները, իսկ վերջադաս կիրառություն ունեն ենթակայական, ստորոգելիական, որոշչային, հատկացուցչային, բացահայտչային, խնդրային (ուղիղ և անուղղակի խնդիրներ), հետևանքի, նպատակի, ձևի և չափի հարաբերություններ արտահայտող բարդ նախադասությունները, որոնք համապատասխանում են բարդ ստորադասական նախադասություններին։ Այսպիսով, սույն հոդվածում ներկայացվեցին հայերենի շարադասության տեսակները շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում։
Список литературы
- Абегян М. Теория армянского языка (на армянском языке), Ереван, издательство «Митк», 1965, 699 с.
- Абраамян С. Г. Армянский язык. Синтаксис. Учебник для 7 - 8 классов средней школы. Ереван, издательство«Луйс», 1988, 328 с.
- Агаян Газарос. Сочинения (на армянском языке), Ереван, издательство «Советакан грох», 1979, 655 с.
- Айвазян Сурен. Горцы (на армянском языке), издательство «Айпетрат», Ереван, 1956, 454 с.
- Аракелян В. Синтаксис армянского языка, том 1 (на армянском языке), Ереван, издательство АН Армянской ССР, 1958, 504 с.
- Гарегинян Г. Л. Современный армянский язык. Сложное предложение, Ереван, издательство Ереванского университета, 1991, 432 с.
- Демирчян Д. Собрание сочинений в шести томах, т. 3 (на армянском языке), издательство «Айпетрат», Ереван, 1956, 486 с.
- Зарьян Наири. Собрание сочинений в четырех томах, т. 4 (Романы) (на армянском языке), издательство «Советакан грох», Ереван, 1985, 728 с.
- Матевосян Грант. Повести (на армянском языке), Ереван, издательство«Наири», 1990, 736 с.
- Матевосян Грант. Наш бег (на армянском языке), издательство «Советакан грох», Ереван, 1978, 238 с.
- Папаян Арамашот, Большая свадьба (на армянском языке), издательство «Советакан грох», Ереван, 1987, 631 с.
- Папоян Арт., Бадикян Х. Синтаксис современного армянского языка, Ереван, ЕГУ, 2003, с. 276.
- Парнасян Н. Бессоюзные сложные предложения в современном армянском языке. «Вопросы языка и стиля» номер 2, Издательство АН СССР, Ереван, 1964, с. 5 – 153.
- Рачьян Хачик, Урци Маран (романы и рассказы), (на армянском языке), издательство «Советакан грох», Ереван, 1983, 488 с.
- Саинян Анаит, Жажда, книга 1, (на армянском языке), издательство «Айпетрат», Ереван, 1955, 489 с.
- Севак Г. Синтаксис армянского языка. Учебник для 7-8 классов средней школы. Ереван, издательство «Луйс», 1978, 152 с.
- Ханзадян Серо. Мхитар Спарапет. (на армянском языке), издательство «Айпетрат», Ереван, 1961, 454 с.
- Ширванзаде Ал. Собрание сочинений в десяти томах, т. 3, издательство «Айпетрат», Ереван, 1959, 535 с.