ՇԱՐԱՀԱՐԱԿԱՆ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԸ ՀԱՅ ՇԱՐԱՀՅՈՒՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՇԱՐԱՀԱՐԱԿԱՆ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԸ ՀԱՅ ՇԱՐԱՀՅՈՒՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Авторы публикации

Рубрика

Лингвистика

Просмотры

8

Журнал

Журнал «Научный лидер» выпуск # 23 (25), август ‘21

Дата публикации 08.08.2021

Поделиться

Սույն հոդվածում ներկայացվում են հայ շարահյուսագետների կատարած շարահարական բարդ  նախադասությունների դասակարգումները, որոնց հիմքում դրված է բաղադրիչ նախադասությունների իմաստային հարաբերությունների արտահայտությունը։

Շարահարությունը կապակցման քերականական եղանակ է, որի դեպքում չկան կապակցող շաղկապներ, շաղկապական բառեր, այլ նախադասությունները պարզապես գործածվում են կողք կողքի և իրար հետ կապվում են իմաստով [1, էջ 465 ]։ Հայ շարահյուսագիտության պատմության մեջ գոյություն ունեն շարահարական բարդ նախադասությունների տարբեր դասակարգումներ։ Հայտնի են Ն․ Պառնասյանի (1964), Վ․ Առաքելյանի (1964), Արտ․ Պապոյանի (1968), Գ․ Գարեգինյանի (1991), դասակարգումները։ 
          Ն․ Պառնասյանը «Անշաղկապ բարդ նախադասությունները ժամանակակից հայերենում» ուսումնասիրությության մեջ անշաղկապ բարդ նախադասությունները բաժանում է  երկու խմբի՝ անշաղկապ բարդ համադասական նախադասությունների [5, էջ 20] և անշաղկապ բարդ ստորադասական նախադասությունների [5, էջ 59
          Ն․ Պառնասյանը
երկրորդական նախադասությունները դասակարգում է ըստ այն հատկանիշի, թե նախադասության ինչ անդամների պաշտոն են նրանք կատարում, և կոչում է նախադասության այն անդամների անուններով, որոնց պաշտոնը նրանք կատարում են։ Ըստ նրա՝ «երկրորդական նախադասություններն ուսումնասիրելիս և դրանց դասակարգումը կատարելիս պետք է հիմք ընդունել ո՛չ թե նրանց արտաքին կողմը, այս կամ այն ձևական հատկանիշի առկայությունը, այլ նրանց արտահայտած իմաստը ամբողջ բարդ ստորադասական նախադասության մեջ, նրանց կատարած շարահյուսական դերը» [5, էջ 18]։ Ուստի նա անշաղկապ բարդ ստորադասական նախադասությունները բաժանում է բացատրական անշաղկապ բարդ ստորադասական նախադասությունների (ենթակա, որոշիչ, ուղիղ և անուղղակի խնդիր երկրորդական նախադասություններ) և պարագայական հարաբերություններ արտահայտող բարդ ստորադասական նախադասությունների (պատճառահետևանքային, պայմանի, զիջական, ձևի և չափի պարագա երկրորդական նախադասություններ, հարակցական կապակցության անշաղկապ բարդ նախադասություններ) [5, էջ 20 - 153]։      
          Շարահարությունն  առաջին անգամ հատուկ քննության է ենթարկել Վ․ Առաքելյանը։ Նա շարահարական բարդ նախադասությունները դասակարգում է անկախ, կախյալ և հարակցական հարաբերությամբ շարահարական բարդ նախադասությունների [2, էջ 364]։
          Վ․ Առաքելյանը շարահարությամբ կապակցված բոլոր բարդ նախադասությունները բաժանում է համադասական կապակցությանը և ստորադասական կապակցությանը մոտ նախադասությունների։ Քանի որ համադասական կապակցությանը մոտ նախադասությունների առանձին մասերը համեմատաբար անկախ են և արտահայտում են գործողությունների միաժամանակություն, հաջորդականություն, հակադրություն, զուգադրություն, ապա նա այդպիսի նախադասությունների կապը անվանում է «անկախ շարահարություն»։ Նա  գտնում է, որ «բարդ ամբողջության առանձին նախադասությունները դրված են հավասար պայմաններում և ներքին նշանակությունների փոխադարձ կախվածություն գոյություն չունի»։ Նա նաև նշում է, որ գոյություն ունեն  նաև այնպիսի բարդ նախադասություններ, որոնցում «առանձին մասերի միջև գոյություն ունի փոխադարձ կախվածության հարաբերություն», (ընդգծումն մերն է – Ս․ Հ․)։ Նա այդպիսի նախադասությունների կապը անվանում է «կախյալ շարահարություն»։ «Փոխադարձ կախվածության հարաբերություն» ասելով՝ Վ․ Առաքելյանը նկատի    է ունենում այն բարդ նախադասությունը, որի կազմի մեջ մտնող նախադասություններից մեկն ու մեկը կախված է նույն կազմի մեջ մտնող մեկ այլ նախադասությունից։ Նա կարևորում է բարդ նախադասությունների կազմում գտնվող պարզ նախադասությունների իմաստային հարաբերությունների արտահայտությունը և հնչերանգի դրսևորումը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում։ Նա անկախ շարահարությամբ բարդ նախադասությունների մեջ մտցնում է «թվարկվող և միաժամանակություն ու ժամանակային հաջորդականություն արտահայտող մասերից կազմված անկախ շարահարությւնները»,  «հակադրական, զուգադրական հարաբերություններ արտահայտող, նախորդից բխող հաջորդական գործողություն արտահայտող անկախ շարահարությունները»։ Կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունների մեջ նա զետեղում է «պայմանի, զիջական, պատճառի, խնդրային, ժամանակի, նպատակի, որոշչային, ենթակայական, ստորոգելիական, հետևանքային, ձևի պարագա կամ նմանության հարաբերություն արտահայտող կախյալ շարահարությունները, ինչպես նաև հարակցական հարաբերություն արտահայտող շարահարությունը»։
          Այսպիսով, նա շարահարությամբ կապակցված բոլոր բարդ նախադասությունները դասակարգում է անկախ, կախյալ և հարակցական հարաբերություն արտահայտող բարդ նախադասությունների։ Այստեղ հարկ է նշել, որ «անկախ շարահարություն» և «կախյալ շարահարություն» եզրույթներն առաջին անգամ առաջարկվել և կիրառվել են հե՛նց Վ․ Առաքելյանի կողմից։ Չնայած Վ․ Առաքելյանը հարակցական հարաբերություն արտահայտող շարահարությունը առանձին տարատեսակ է համարում, սակայն նա այն քննության է ենթարկում «կախյալ շարահարությամբ բարդ նախադասություն» ենթաբաժնում։
          Շարահարության ուսումնասիրության գործում արժեքավոր աշխատություն է նաև Արտաշես Պապոյանի «Կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները արդի հայերենում» աշխատությունը։  Նա իր աշխատության մեջ հանգամանորեն խոսում է միայն կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունների մասին։ Նա կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները դասակարգում է ենթակայական, գոյականի կամ գոյականական անդամի լրացման (որոշիչ, բացահայտիչ), ստորոգելիական, խնդրային, որի մեջ նա մտցնում է ուղիղ խնդիր երկրորդական նախադասությունները և անուղղակի խնդիր երկրորդական նախադասություններից հանգման, միջոցի, անջատման, վերաբերության անուղղակի խնդիրները, ժամանակի, ձևի, պատճառի, նպատակի, պայմանի հարաբերություն արտահայտող կախյալ նախադասությամբ շարահարական բարդ նախադասությունները [4, էջ 56 - 264]։   
          Շարահարական բարդ նախադասությունների ուսումնասիրման գործում մեծ է նաև Գ․ Գարեգինյանի ունեցած ներդրումը։ Գ․ Գարեգինյանը բոլոր բարդ նախադասությունները բաժանում է շաղկապական (զոդվածական) և անշաղկապ (շարահարական) բարդ նախադասությունների։ Նա առանձնացնում է նաև բարդ նախադասությունների կապակցության մի երրորդ՝ խառը, տարատեսակ՝ շաղկապական և անշաղկապ [3, էջ 13]։ Գ․ Գարեգինյանը շարահարական բոլոր բարդ նախադասությունները դասակարգում է  բարդ համադասական նախադասություններին և բարդ ստորադասական նախադասություններին հարաբերակից անշաղկապ կապակցությամբ կառույցների [3, էջ 308]։ Նա բարդ համադասական նախադասություններին հարաբերակից անշաղկապ կապակցությամբ կառույցները բաժանում է թվարկման հարաբերություն արտահայտող միավորիչ բարդ նախադասությունների, որոնք էլ իրենց հերթին արտահայտում են  համաժամանակության (միաժամանակության) և գործողությունների հաջորդականության տարբեր հարաբերություններ, ինչպես նաև հակադրական, տրոհական, մեկնական, հարակցական հարաբերություններ արտահայտող բարդ նախադասությունների [3, էջ 309-312]։ Նա բարդ ստորադասական նախադասություններին հարաբերակից անշաղկապ կապակցությամբ կառույցներն էլ բաժանում է ենթակայական, ստորոգելիական, խնդրային, որոշչային, հատկացուցչային, ժամանակի, պայմանի, պատճառի, հետևանքի, նպատակի, զիջական, գործողության ձևի և չափի հարաբերություն արտահայտող բարդ նախադասությունների [3, էջ 312 - 323]։    
           Այսպիսով, ուսումնասիրելով շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների տարբեր դասակարգումները՝ մենք հանգում ենք այն եզրակացության, որ հայ շարահյուսագետները առաջարկել են շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների տարբեր դասակարգումներ։ Հենվելով հայ լեզվաբանների գիտական հետազոտությունների վրա՝ այս աշխատանքում մեզ հաջողվեց համակարգել շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների մասին ունեցած տվյալները տարբեր տեսանկյուններից։

Список литературы

  1. Абраамян С. Г., Аракелян В. Д., Косян В. А. Армянский язык. Часть 2, Синтаксис (для вузов, на армянском языке). Ереван, издательство «Луйс», 1975, 478 с.
  2. Аракелян В. Синтаксис армянского языка. Том 2, Ереван, издательство АН Армянской ССР, 1964, 468 с
  3. Гарегинян Г. Л. Современный армянский язык. Сложное предложение, Ереван, издательство Ереванского университета, 1991, 431 с.
  4. Папоян Арт. А. Эллиптическая связь в сложноподчиненных предложениях в новоармянском языке. Ереван, издательство «Митк», 1968, 276 с.
  5. Парнасян Н. Бессоюзные сложные предложения в современном армянском языке. «Вопросы языка и стиля» номер 2, Издательство АН СССР, Ереван, 1964, с. 5 – 153.
Справка о публикации и препринт статьи
предоставляется сразу после оплаты
Прием материалов
c по
Осталось 2 дня до окончания
Размещение электронной версии
Загрузка материалов в elibrary
Публикация за 24 часа
Узнать подробнее
Акция
Cкидка 20% на размещение статьи, начиная со второй
Бонусная программа
Узнать подробнее